Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն այսօր «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին զգուշավորության կոչ է արել։ Դրա պատճառն այն է, որ այսօր Վրաստանում մեկնարկում է Իվանիշվիլիի վրացական քաղաքացիության վերականգնման հարցի շուրջ դատական գործընթացը։
Շևարդնաձեն Իվանիշվիլիին կոչ է արել մտահոգվել սեփական անվտանգությամբ և ուժեղացնել թիկնազորը. «Չի կարելի թույլ տալ այնպիսի դժբախտ դեպքերի կրնկումը, ինչպես որ եղավ նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի և ընդդիմադիր օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիի հետ։ Նրանք սպանվել են համապատասխանաբար 2005 և 2008 թվականներին։ Ապագայում անպայմանորեն պարզվելու է այդ սպանություններում իշխանությունների ունեցած մեղավորությունը»։
Շևարդնաձեն հավելել է, որ եթե Բիձինա Իվանիշվիլին հնարավորություն չստանա մասնակցել 2012 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ապա դա կլինի իշխանությունների կողմից գործված օրինախախտում։
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 2004 թվականի հուլիսի 22-ին։ Սակայն այն բանից հետո, ինչ նա այս տարվա հոկտեմբերի 7-ին հայտարարեց Վրաստանում կուսակցություն ձևավորելու ու դրանով Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, դրանից ընդամենը 4 օր անց Սաակաշվիլիի հրամանով նրան զրկեցին Վրաստանի քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ Վրաստանի քաղաքացիություն ստանալուց հետո նա ստացել է նաև այլ երկրի (Ֆրանսիա) քաղաքացիություն։









































