Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական և տարվա վերջին քառօրյա նիստը: Գրանցվել են 90 պատգամավոր, և ինչպես նշեց ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը՝ քվորում կա: ԱԺ 4-րդ գումարման 10-րդ նստաշրջանի դեկտեմբերի 5-8-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված են կառավարության կողմից անհետաձգելի համարված 15 հարց, Մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների մշտադիտարկման մոնիտոիրինգի նոյեմբերի 30-ի եզրակացությունների հատուկ կարգի մասին հարցը, որոնց վերաբերյալ պետաիրավական հանձնաժողովը հատուկ ընթացակարգ է առաջարկում, 14 օրենսդրական նախաձեռնություն, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները դրական եզրակացություն են տվել, 120 օրինագիծ ընդգրկվում են առանց քվեարկության, որոնցից 18-ը միջազգային համաձայնագրեր են:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն առաջարկեց ԱԺ օրակարգից հանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» և դրա հարակից օրինագծերը և դրանք տեղափոխել հաջորդ տարի:
Ս.Նիկոյանը նշեց, որ լսումների համար այդ օրինագծի ընդունումն արդեն հետաձգվել է, լսումներն իրականացվել են և այժմ հիմք չկա նորից հետաձգելու:








































