Associated Press-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ափսոսանք է հայտնել նոյեմբերի 29-ին Թեհրանում բրիտանական դեսպանատան հարձակման ենթարկվելու կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն, որը Բոննում Աֆղանստանի վերաբերյալ կոնֆերանսից առաջ երկկողմանի բանակցություններ է վարել Սալեհիի հետ։
Վեստերվելեի խոսքերով՝ Սալեհին պարտավորվել է անել ամեն հնարավոր բան՝ հետագայում նմանատիպ միջադեպերը բացառելու համար։ Վեստերվելեն ընդգծել է, որ ԵՄ-ի անդամ երկրի դիվանագիտական առաքելության վրա կատարված հարձակումը դիտարկվում է որպես ողջ ԵՄ-ին ուղղված սպառնալիք։
Հիշեցնենք, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հարձակման է ենթարկվել նոյեմբերի 29-ին, որից հետո իրանական իշխանությունները սկսել են ձերբակալել այդ գործողության մասնակիցներին։











































