Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի գործող վարչախմբերը ԼՂ կարգավորման հարցում հետդարձ են կատարել դեպի 90-ական թվականներ. դրա պատճառն այն է, որ երկու երկրների իշխանությունները տրամադրված չեն հակամարտությունը լուծելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ երկրների Նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի նախատեսված հանդիպմանը:
«Այդ իսկ պատճառով չեմ կարող ասել փոխհամաձայնեցված, սակայն արհեստականորեն երկու կողմերն էլ ձգում են հարցի լուծումը՝ հասկանալով իրենց շահը և գիտակցելով, որ որքան հարցի լուծումը ձգձգվի, ստատուս քվոն պահպանվի, այնքան իրենք ավելի երկար կմնան իշխանության: Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունները որակներով միմյանցից քիչ են տարբերվում»,- ասաց նա:
Մակեյանի խոսքով, հակամարտող կողմերը պարտադրանքով են նստել բանակցային սեղանի շուրջ: «Հիմնական՝ հակամարտության լուծման հարցը մղվելու է երկրորդական պլան, և կողմերը փորձելու են համաձայնության գալ միայն կրակի կանխման շուրջ: Առաջիկայում երկու երկրներում էլ ընտրական գործընթացներ են սկսելու, բնականաբար գալիք երկու տարվա ընթացքում հարցը սառեցվելու է»,- տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչը:









































