Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարը ուղերձ է հղել հայրենիքի համար մղվող մարտերում հաշմանդամ դարձած ազատամարտիկներին ու զինծառայողներին:
Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ.
«Սիրելի՛ զինակից ընկերներ
Դեկտեմբերի 3-ը, երբ ողջ աշխարհը նշում է սահմանափակ աշխատունակությամբ մարդկանց օրը, մեզ համար առանձնահատուկ իմաստ ունի, և բոլորս ավելի խորն ենք գիտակցում «Հաշմանդամների միջազգային օր» հասկացությունում ամփոփված ցավն ու խորհուրդը:
Սպիտակի աղետալի երկրաշարժը, ապա` Արցախյան ազատամարտը շատերին գամեցին սայլակին կամ պատճառելով առողջական անդառնալի վնասներ` զրկեցին լիարժեք աշխատելու և արարելու հնարավորությունից:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, արցախահայության ֆիզիկական գոյությունը և հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու համար դուք գիտակցված գնացիք սուրացող գնդակներին, ռումբերի ու ականների պայթյուններին ընդառաջ` կանգնեցնելու նրանց մահաբեր ընթացքը, և դրա համար անչափ թանկ գին վճարեցիք:
Բայց փոխարենը, ձեր անձնուրաց նվիրումն օրինակ դարձավ ներկա ու եկող սերունդների, զինվորների ու սպաների համար, և նրանց ազատ, անկախ ու պաշտպանված հայրենիք ավանդեցիք:
Ձեր սխրանքն անմահ է և ապրում է մեր հայրենիքի ու նրա զինված ուժերի ամեն մի ձեռքբերման, բացվող յուրաքանչյուր խաղաղ օրվա մեջ:
Լավ հասկանում եմ ու կիսում ձեզ ու ձեր ընտանիքներին բաժին ընկած դժվարությունները, բայց, իմ խորին համոզմամբ, կարևորը հոգով ու դատողությամբ առողջ լինելն է, և մեր երկիրն ամենից առաջ հենց այդպիսի մարդկանց կարիքն ունի:
ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ողջ անձնակազմի անունից մաղթում եմ ձեզ ոգու արիություն, տոկունություն, առողջություն և խաղաղ ու երջանիկ կյանք ձեր պաշտպանած Հայրենիքում:
Վստահ եղեք, որ ՀՀ ղեկավարությունը հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է և կանի ձեր հոգսը թեթևացնելու համար:









































