«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ ինչպես նախապես տեղեկացրել էին՝ դեկտեմբերի 1-ի գիշերը` ժամը 1:00-ի սահմաններում, Մխիթար Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին իրար էին բախվել «ԶԱԶ-ՍԵՆՍ» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
«ԶԱԶ-ՍԵՆՍ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ «Մերսեդես-Բենց»-ի վարորդը, թողնելով ավտոմեքենան՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ԶԱԶ-ՍԵՆՍ»-ի վարորդը՝ 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են փախուստի դիմած վարորդի ինքնությունը:
Փախուստի դիմած վարորդը Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Խաչատրյանն է, որը ներկայացել է ոստիկանություն և խոստովանական ցուցմունք տվել:
Կատարվում է քննություն:








































