Դեկտեմբերի 3-ին` ժամը 10:00-ից «Թումո» կենտրոնում կմեկնարկի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված ArmNet կոնֆերանսը:
Կոնֆերանսն անցկացվում է ArmNet 2011 միջոցառումների շրջանակում արդեն 2-րդ անգամ և այս տարի կրում է «Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ» խորագիրը:
ArmNet կոնֆերանսի շրջանակներում այս տարի ելույթ կունենան ՏՏ ոլորտի այնպիսի միջազգային մասնագետներ, ինչպիսիք են` Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը, Twitter-ի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը, Ֆրանս Տելեկոմի NexT ապրանքների գծով ռազմավարական մարքեթինգի ղեկավար Իգոր Դուպլիցկին և այլք:
Կոնֆերանսին մասնակցությունն անվճար է, սակայն մուտք գործելու համար պետք է նախապես գրանցվել:
Գրանցվել և կոնֆերակսի օրակարգին ծանոթանալ կարելի է http://www.armnetawards.am/ պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:
Կոնֆերանսի ամբողջ ընթացքում կգործի մամլո կենտրոն, որտեղ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի իրենց հարցերն ուղղել կոնֆերանսի մասնակիցներին:
Դեկտեմբերի 3-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի համերգային դահլիճում տեղի կունենա Armnet Awards 2011 պաշտոնական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կամփոփվեն վեբ կայքերի ArmNet համահայկական վեբ մրցույթի արդյունքները և կներկայացվեն հաղթողների անունները:
Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն կայքերին հետևյալ անվանակարգերում` «Դիզայն և հարմարավետություն», «Նորարարություն», «Տեխնիկական կատարում», «Բովանդակություն», «Տարվա առաջընթաց», «Գլխավոր մրցանակ», «Ժողովրդական ընտրություն» և Orange-ի կողմից սահմանված մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար։









































