ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սուրճի շուկայում կատարված լայնածավալ ուսումնասիրությունների ընթացքում խոշոր առևտրի կետերից կատարել է սուրճի հսկիչ գնում:
Գնված արտադրանքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, որպեսզի ուսումնասիրվի սուրճի բաղադրությունը, քանի որ առանց բացառության բոլոր տուփերի վրա մակնշված է, որ այն պարունակում է միայն բարձրորակ` հարյուր տոկոսանոց սուրճ` առանց հավելանյութերի:
Սակայն, լաբորատոր փորձաքննության արդյունքները բոլորովին այլ բան են բացահայտել:
Այսպես, «Ֆեռո» (Ֆեռո ), «Վալետտա» (Պրեմիեր), «Բյուրակն» (Պիրամիդ Էլիտ), «Վանս գրուպ» (Սթար), «Ասկոլիո» (Մարսել) ընկերությունները խաբում և մոլորեցնում են սպառողներին` իրացնելով ակնհայտորեն բաղադրությանը չհամապատասխանող, ինչպես նաև առողջության համար կասկածելի արտադրանք:
Այս ընկերությունների համապատասխան անվանումներով արտադրանքի փորձաքննությամբ բացահայտվել է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ օսլա պարունակող նյութեր, որը, ըստ փորձագետների, կարող է լինել ցորեն, գարի և կաղին:
Հանձնաժողովի դիտարկմամբ` վերոնշյալ ընկերությունները բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ ստացել են մրցակցային լուրջ առավելություններ, քանի որ շնորհիվ էժանագին հավելանյութերի, կարողացել են սուրճը իրացնել անհամեմատ ցածր գնով:
Համաձայն օրենքի` տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Տվյալ դեպքում տնտեսվարողների վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կիրառվել է 5 մլն դրամ տուգանք:
Վաճառքում առկա է նաև կոֆեինազրկված և ցածրորակ սուրճ:
Բացահայտվել է նաև, որ փորձաքննության ենթարկված մոտ 2 տասնյակ փաթեթավորված սուրճի տուփերում թեև հավելանյութեր չկան, սակայն արտադրանքը ցածրորակ է, երբեմն պարզապես ոչ պիտանի օգտագործման համար:
Խնդիրն այն է, որ որոշ դեպքերում սուրճի բաղադրության մեջ կոֆեինի պարունակությունը չափազանց քիչ է, այսինքն` սպառողին վաճառվում է կոֆեինազրկված և անորակ սուրճ, որի մասին սպառողը տեղյակ չէ: Իսկ կոֆեինի պարունակությունից կախված է ոչ միայն սուրճի որակը, այլև գինը:
Ի տարբերություն եվրոպական երկրների և ՌԴ-ի, որտեղ այս խնդիրը հստակ կանոնակարգված է և արտադրողը պարտադիր կերպով տուփի վրա նշում է կոֆեինի պարունակության աստիճանը, իսկ որոշակի շեմից ցածր լինելու դեպքում նշում է, որ դա կոֆեինազրկված է, ապա Հայաստանում սպառողը տեղեկացված չէ, թե ինչ սուրճ է գնում:
Այս խնդիրը մեր երկրում դեռևս կանոնակարգված չէ, ինչի հետ կապված հանձնաժողովը մտադիր է դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, քանի որ այս բացից օգտվելով` շատ տնտեսվարողներ դրսևորում են անբարեխիղճ վարքագիծ` շարունակաբար խաբելով և մոլորեցնելով սպառողներին:
Հանձնաժողովի կողմից տարբեր շուկաների ուսումնասիրության ժամանակ հաճախակի են հայտնաբերվում անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսվարողներ:
Ի դեպ, հանձնաժողովը հսկիչ գնումը կատարել է խոշոր սուպերմարկետներից: Քանի որ սուրճի շուկայում կան բազմաթիվ տնտեսվարողներ, ապա գնվել և փորձաքննության է հանձնվել որոշակի գնային շեմից ցածր` համեմատաբար էժան արժեք ունեցող սուրճը:
Բացահայտված չարաշահումների ողջ փաթեթն ուղարկվելու է գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ինչպես նաև իրավապահ մարմիններին:










































