Այսօր կառավարության շենքի առջև տեղի ունեցավ բողոքի հերթական ակցիան: Ակցիային մասնակցում էին «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, Դալմայի այգու համար պայքարող բնապահպանները և հանուն պետական կարիքների իրենց բնակարանները կորցրած քաղաքացիները:
Տարիներ առաջ իրենց բնակարանները կորցրած քաղաքացիները փորձեցին համախմբել ակցիայի մասնակիցներին` կառավարության շենք մուտք գործելու և իրենց խնդիրները կառավարության նիստի անդամներին և պատկան մարմինների ներկայացուցիչներին ներկայացնելու համար: Սակայն ոստիկանները փակեցին կառավարության շենքը` քաղաքացիներին թույլ չտալով ավարտին հասցնել իրենց նախաձեռնությունը:
Մտահոգ քաղաքացիներին մոտեցավ Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը և փորձեց հանդարտեցնել իրավիճակը` նրանց հորդորելով յուրաքանչյուր խնդրով դիմել այն պատկան մարմնին, որը պատասխանատու է տվյալ խնդրի համար:
Ոստիկաններին հաջողվեց կասեցնել ակցիայի մասնակիցների` կառավարության շենք մտնելու նախաձեռնությունը: