Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո երկիրը կառավարող Բարձրագույն զինվորական խորհուրդը բոլոր քաղաքական ուժերին երկխոսության կոչ է արել:
«Բարձրագույն զինվորական խորհուրդը բոլոր քաղաքական ուժերին երկխոսության կոչ է անում` ներկա ճգնաժամի պատճառները պարզելու, դրանից դուրս գալու լուծում գտնելու և երկրում կայունություն հաստատելու համար»,- ասվում է Խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ, որը մեջբերում է Euronews-ը:
Այնուամենայնիվ, չնայած զանգվածային ցույցերին` Եգիպտոսի զինվորական առաջնորդ Հուսեյն Տանտաուին իշխանությունից հրաժարվել չի պատրաստվում: Խորհուրդը նույնպես առայժմ չի ընդունում վարչապետ Իսամ Շարաֆի կառավարության հրաժարականը:
Ակնկալվում է, որ այսօր տեղի կունենա քաղաքական ուժերի և զինվորականների հանդիպում, որի ժամանակ կքննարկվի նաև ապագա վարչապետի թեկնածությունը:
ԶԼՄ-ների տվյալներով` ազգային փրկության նոր կառավարությունը կգլխավորի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար, Եգիպտոսի առավել հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը՝ Մուհամմադ Ալ-Բարադեին:
Facebook սոցցանցում Ալ-Բարադեիի կողմնակիցների պաշտոնական էջում ասվում է, որ քաղաքական գործիչը «պատրաստ է իր վրա վերցնել այդ առաքելությունը» այն դեպքում, եթե «ստեղծվի ազգային փրկության կառավարություն, որն օժտված կլինի քաղաքական որոշումներ կայացնելու և դրանք կյանքի կոչելու բոլոր լիազորություններով»:
Հիշեցնենք, այսօր Եգիպտոսի մայրաքաղաքի Թահրիր հրապարակում նախատեսվում է հերթական ցույցը: Al-Jazeera-ի հաղորդմամբ՝ սպասվում է «միլիոնների երթ»:











































