Վենեսուելայի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու, ընդդիմադիր Դիեգո Արրիան երկուշաբթի երկրի գործող նախագահ Ուգո Չավեսի դեմ հայց է ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Արրիան Վենեսուելայի առաջնորդին մեղադրում է «մարդկության դեմ հանցագործության մեջ»: Նախկինում նահանգապետի, նախարարի և ՄԱԿ-ում Վենեսուելայի դեսպանի պաշտոնները զբաղեցրած քաղաքական գործիչը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազների հետ և նրանց հանձնել ավելի քան 600 էջանոց գործը:
Արրիան նշել է, որ իրեն հաջողվել է հարցազրույց վերցնել Չավեսի վարչակարգի շուրջ 500 զոհերից: Բացի այդ, նա գործին է կցել աուդիոձայնագրություններ և հենց նախագահի խոսքից մեջբերումներ: Ընդդիմադիր քաղաքական գործչի կարծիքով՝ հավաքված ապացույցները ցույց են տալիս, որ երկրում տեղի են ունեցել մարդկանց բռնի տեղափոխություններ, կտտանքներ և սպանություններ:










































