Եգիպտոսի մշակույթի նախարար Իմամ Աբու Ղազին այսօր հաստատել է իր հրաժարականի փաստը` որպես բողոքի նշան իշխանությունների կողմից Թահրիրի ցուցարարների նկատմամբ գործողությունների: Այս մասին հաղորդում է եգիպտական MENA գործակալությունը:
«Ես հրաժարական եմ տվել որպես Թահրիր հրապարակում վերջին իրադարձությունների ժամանակ կառավարության գործողությունների դեմ բողոքի նշան»,- ասել է նախարարը:
Կահիրեում ընթացող իրադարձությունների ֆոնին այսօր ավելի վաղ Եգիպտոսի կառավարությունը՝ վարչապետ Իսամ Շարաֆի գլխավորությամբ, հրաժարական ներկայացրեց, սակայն իշխող Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը այն մերժեց:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում բախումները սկսվել են նոյեմբերի 19-ին, երբ ոստիկանությունը ռետինե գնդակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրեց Թահրիր հրապարակում հավաքված գործադուլի մասնակիցներին: Ակցիայի մասնակիցները պահանջում էին իշխանություններից արագ կյանքի կոչել խոստացված բարեփոխումները, ինչպես նաև բողոքում էին Բարձրագույն խորհրդի ազդեցության ուժեղացման դեմ: Հաղորդվում է, որ բախումների մասնակիցները վանկարկում էին Զինվորական խորհրդի հրաժարականը պահանջող կարգախոսներ:









































