«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից օրերս զոհված զինծառայողներից մեկը (նրա անուն-ազգանունը պարզ կլինի միայն վաղն առավոտյան) որպես վարորդ սովորել է մեր ԴՈՍԱԱՖ-ում, և չեմ պատկերացնում՝ ինչպես են նրան դիրքեր տարել, զենք տվել. նա Վանաձորից էր, պետք է մեքենա վարեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ կրկին ընդգծելով, որ իր համար անհասկանալի է՝ ինչպես են անփորձ զինվորին դիրքեր ուղարկել:
«Ո՞վ պետք է սրա համար պատասխան տա. պատասխան պետք է տան հրամանատարները: Շփման գծում տեղի ունեցող դեպքերը ցույց են տալիս, որ շատ մարդիկ պետք է աշխատեն: Առաջին հերթին, դիրքերում պետք է ապահովված լինի զինվորի անվտանգության հարցը: Բոլորը գիտեն, որ իրավիճակը շարունակում է մարտական և ոչ՝ խաղաղ լինել: Թշնամին կրակում է: Որքան զոհ տվեցինք, բավական է: Իսկ դա նշանակում է, որ այնտեղ ինչ-որ բան այնպես չէ, ինչ-որ բան կամ ինչ-որ մեկն այնտեղ չի աշխատում: Այս ամենի հանդեպ մեր հրամանատարությունը շատ անլուրջ վերաբերմունք ունի»:
Կոմանդոսի խոսքով, թշնամու գործողություններին պետք է համարժեք պատասխան տալ: «Բայց մենք իրենց սպանենք, իրենք մեզ սպանեն, ուր կհասնի: Դա հարցի լուծում չէ: Հարցի լուծումն այն է, որ պետական մարմինները նստեն, իրար հետ հարցեր լուծեն: Ստից ասում են՝ իրար հետ հանդիպեցին, խոսեցին, իրար ձեռք սեղմեցին, բայց ոչ մի բանակցություն էլ տեղի չի ունենում»,- համոզմունք հայտնեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից երկու հայ զինծառայող էր սպանվել: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ համարժեք պատասխան կտա ադրբեջանական կողմին:










































