ՄԱԿ-ին առընթեր Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության տարեկան զեկույցում նշվում է, որ ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ 2010 թվականին հասել է ռեկորդային քանակի:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով զեկույցի տվյալները, օդում վնասակար նյութերի տարածման արագությունը գերազանցում է վերջին տարիներին նյութերի տարածման միջին արագությունը:
Կազմակերպության տվյալներով՝ արդյունաբերական հեղափոխության ընթացքում ածխաթթու գազի, մեթանի և ազոտի օքսիդի բաղադրությունը մթնոլորտում ավելացել է համապատասխանաբար 39, 158 և 20 տոկոսով:
Այն մասին, որ ջերմոցային գազերի արտանետումները 2010 թվականին հասել են ռեկորդային քանակի, հայտնել էր միջազգային էներգետիկ գործակալությունը:
Անցած շաբաթ հրապարակվել է զեկույց, որտեղ քննադատվում էր Կիոտական արձանագրության մեխանիզմը: Մեծ Բրիտանիայի գիտնականները վստահեցնում են, որ անթափանցիկության և կոռումպացված լինելու պատճառով Կիոտական արձանագրության համակարգը վերածվում է «հարուսների համար նախատեսված ակումբի»:









































