Սիրիայում շաբաթ օրը հակակառավարական ցույցերում բախումների հետևանքով մահացել է ավելի քան 25 մարդ:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ը, ուրբաթ օրը լրացել էր Արաբական երկրների լիգայի ներկայացրած` արյունահեղությունը դադարեցնելու վերջնաժամկետը, հակառակ դեպքում Սիրիային սպառնում են տնտեսական պատժամիջոցներով:
Պաշտոնական Դամասկոսը շաբաթավերջին համաձայնություն է տվել Լիգայի տասնյակ դիտորդների` Սիրիա ժամանելուն: Լիգայի ղեկավար Նաբիլ Ալ-Արաբին հայտնել է, որ Սիրիան առաջ է քաշել մի քանի պահանջներ, որոնք կազմակերպությունը ուսումնասիրում է: Թուրքիան և ԱՄՆ-ը, մեկնաբանելով Սիրիայում տիրող իրադրությունը, հայտարարել էին քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Թուրքիայի իշխանություններն էլ հայտարարել էին, որ կարող են դադարեցնել էլեկտրաէնեգիայի մատակարարումը Սիրիային:
Սիրիայի անվտանգության ուժերը ուրբաթ սպանել էին 12 մարդու, որոնց թվում՝ երկու երեխայի:
Կիրակի Բաշար Ալ-Ասադը հարցազրույց է տվել բրիտանական The Sunday Times թերթին: Նա կրկին Սիրիա ռազմական միջամտության դեպքում սպառնացել է Արևմուտքին: Բաշարը նաև խոստացել է, որ, չնայած բորոր ճնշումներին, «Սիրիան չի խոնարհվի»: