Կոմիտաս պողոտայի բազմաբնակարան շենքերի բնակիչներն այսօր բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հույս հայտնելով, որ նրա նշանակումը կլուծի իրենց խնդիրները:
Նամակում մասնավորապես ասվում է, որ վերջերս քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել Երևանի բարեկարգման մեծածավալ ծրագրի իրականացմանը, որի շրջանակում վերանորոգվել են վատ վիճակում գտնվող հուշարձանները, շենքերի անբարեկարգ ճակատները, հարակից տարածքներն ու բակերը, բարելավվել է արտաքին լուսավորությունը:
Նամակում ասվում է, որ քաղաքի տեսքը չգցելու համար տեղահանվել են կրպակներ, ապամոնտաժվել գովազդային վահանակներ, ինչը գուցե անհրաժեշտություն էր Երևանի գեղագիտական կողմը պահելու համար, բայց այն չէր վտանգում մարդկային կյանքը:
«Նույնը բնավ չենք կարող ասել անվտանգության կոպիտ խախտումներով բազմաբնակարան շենքերի բակերում կառուցված բենզալցակայանների մասին»,- ահազանգում են բնակիչները:
Սայլը, նրանց խոսքով, սակայն տեղից չի շարժվել` բենզալցակայանների պահեստարաններն ինչպես տեղակայված էին շենքերի հիմքերի մոտ, շատ դեպքերում` ոչ բավարար խորության վրա, այնպես էլ այդտեղ են մնացել:
Պատասխանատու անձինք բնակիչների բողոքներին ի պատասխան ասում են, որ տարածքները հատկացված են օրենքով սահմանված կարգով և բենզալցակայանների շահագործումն իրականացվում է անվտանգության տեխնիկական նորմերի պահպանմամբ, իսկ թե ինչպես է ապահովվում այդ անվտանգությունը պարզ չէ, քանի որ ակնհայտ խախտված է բենզալցակայանի մոտակա շինություններից հեռավորության նորմը:
Կոմիտասցիները ցանկություն են հայտնում, որ դրանք կառուցվեն շինություններից բավարար հեռավորության վրա` նվազագույնին հասցնելով որևէ դժբախտ պատահարի հետևանքով մի ամբողջ շենքի հօդս ցնդելու վտանգը:
Բնակիչներն ակնկալում են Տարոն Մարգարյանի անմիջական մասնակցությունը խնդրի լուծման գործում` որպես մայրաքաղաքի առավել ցավոտ հարցերից մեկի:










































