Այսօր Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, շեֆ խոհարարների և փորձագետների հետ, Տրաֆալգարի հրապարակում անձամբ տաք լանչ կմատուցի բոլոր ցանկացողներին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Լոնդոնի իշխանություններն այսպիսի ակցիա են անցկանցում «Կերակրիր 5000 մարդու» (Feeding the 5000) նախագծի շրջանակներում: Կազմակերպիչները նպատակ ունեն այդ ծրագրի միջոցով ստիպել խանութներին, ռեստորաններին, սուպերմարկետներին և սպառողներին ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ սննդամթերքի օգտագործման հարցին, մասնավորապես՝ չթափել մրգերը և բանջարեղենը իրենց «ոչ ապրանքային» տեսքի համար:
Լանչը, որի առաջին բաժինը կմատուցի քաղաքապետը, պատրաստված կլինի հենց այն բանջարեղենից, որ սովորաբար ուղարկվում են աղբարկղ: Տարբեր մատակարարներ նախագծի համար հանգանակել են տոննաներով մթերք, իսկ հազարավոր կամավորներ մաքրել և կտրատել են մրգերն ու բանջարեղենը:
Հրապարակում երկու ժամվա ընթացքում շեֆ խոհարարները ցույց կտան, թե ինչպես պատրաստել գրեթե առանց թափոնների: Հանրությունը հնարավորություն կունենան հազարավոր «տգեղ» խնձորներից հյութ քամել և դրա մնացորդներով կերակրել հատուկ այդ նպատակով բերված խոզերին: Նախատեսվում է, որ լոնդոնցիները Բորիս Ջոնսոնի հետ հրապարակում բանջարեղենից աշտարակ կկառուցեն:
Ակցիայի մասնակիցները կարող են նաև իրենց ստորագրությունը թողնել համանման ակցիաներ անցկացնելու համաշխարհային կոչի տակ:











































