Նյու Յորքում նոյեմբերի 17-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ առնվազն 17 մարդ է տուժել՝ յոթ ոստիկան և տասը ցուցարար:
Ինչպես հայտնում է The New York Times-ը, ձերբակալվել է ավելի քան 200 ցուցարար: Ակցիայի մասնակիցներից հինգին մեղադրանք են առաջադրել իրվապահ մարմինների վրա կատարած հարձակումների համար:
Մի քանի հարյուր ցուցարարների հաջողվել է անցնել Բրուքլինյան կամուրջը: Վանկարկելով՝ «Մենք 99 տոկոս ենք», նրանք շարժվել են Բրուքլինում գտնվող Քեդման պլազա: Իսկ մյուս մասը մնացել է Մանհեթենում, քանի որ ոստիկանները փակել էին կամուրջը: Ավելի վաղ Զուկոտտի այգում ընդհարում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Նյու Յորքի ցուցարարները մտադիր էին խանգարել մետրոպոլիտենի աշխատանքներին, սակայն նրանց դա չի հաջողվել, քանի որ բավարար թվով ցուցարարներ չէին հավաքվել: Նրանք նաև փորձել են ձգձգել ֆոնդային բորսայի բացումը:
Նյու Յորքի քաղաքապետի խոսքերով՝ ցուցարարների մեծամասնությունը «պատասխանատվություն են» ցուցաբերել, և նրանց գործողությունները նվազագույնն են ազդել տրանսպորտի աշխատանքների վրա:
2011 թվականի նոյեմբերի 17-ը հայտարարված էր «Գործողությունների գլոբալ օր», քանի որ այդ օրը լրանում էր «Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժման երկու ամիսը, որի մասնակիցները բողոքում էին կապիտալիզմի հետևանքով ստեղծված անարդարության դեմ:
Ցույցեր են անցկացվել նաև Լոս Անջելեսում, Սենտ Լուիսում, Վաշինգտոնում, Փորթլենդում և Ֆիլադելֆիայում, սակայն նրանք խաղաղ են անցել: Ձերբակալվածների թիվը այս քաղաքներում հասել է մի քանի տասնյակի:







































