Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակն» իր այսօրվա հոդվածներից մեկում գրել է, որ շուտով «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հարևանությամբ կսկսվի 50 հարկանի մի կառույցի շինարարական աշխատանքները:
Հարցի առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հայաստանի ճարտարապետների միության անդամ, պետական մրցանակի դափնեկիր Սաշուր Քալաշյանի հետ` փորձելով ճշտել, թե, ի վերջո, ինչ է իրենից ներկայացնում այդ կառույցը, որի մասին երկար ժամանակ է, ինչ մամուլում չէին խոսում: Ու հիմա այդ խոսակցությունները նորից մտել են շրջանառության մեջ:
Մեզ հետ զրույցում ճարտարապետը նշեց, որ այդ խոսակցությունները ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս: «Շուրջ 5 տարի է, ինչ այդպիսի հարց կա: Գիտենք, որ իրանցի է առել այդ տարածքի կիսակառույցը, ու ինչ-որ հյուրանոց են ուզում սարքել»,- ասաց Ս. Քալաշյանը` հավելելով, որ տեղյակ չէ մանրամասներից:
Հարցին` որքանո՞վ են հավանական այդ տարածքում հյուրանոց «խցկելու» մասին լուրերը, Ս. Քալաշյանն ասաց, որ այսօրվա դրությամբ անհավանական բան չկա, սակայն նախկինում քննարկումների ժամանակ ճարտարապետները մերժել են իրենց ներկայացված առաջարկը, սակայն դա չի նշանակում, թե հարցը հանվեց: «Քանի սեփականատերը գոյություն ունի, այդ հարցը միշտ կբարձրանա»,- հավելեց ճարտարապետը:
«Եթե Նարեկ Սարգսյանի մտքով անցավ, նա այնպես կանի, որ այդ նախագիծը մտնի շրջանառության մեջ: Ես զարմանալու առիթ չունեմ»,- ասաց ճարտարապետը` ընդգծելով, որ ցավոք, իրենք շատ ուշ են իմանում այդ ամենի մասին:










































