Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ն այսօր հերթական պլանային դիտարկումն է անցկացրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։ Դրանից հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ շփման գծում իրավիճակը կայուն է.
«Չի կարելի ասել, թե ներկա պահին առկա են որևէ էական խախտումներ։ Իրավիճակն այնքան էլ լավ չէ, սակայն կայուն է։ Սակայն ես դժգոհ եմ իրավիճակից, քանի որ դեռևս կորուստներ են գրանցվում։ Խորքային գյուղերի բնակիչները հանգիստ ապրում են, ինչը չի կարելի ասել շփման գծից ոչ հեռու ընկած գյուղերի բնակիչների մասին, որոնք լարված վիճակում են։
Դա զարմանալի չէ, քանի որ յուրաքանչյուր պահին կարող է սկսվել փոխհրաձգություն, և մարդիկ տուժեն։ Ես նրանց խորապես ցավակցում եմ։ Հուսով եմ, որ շփման գծում խախտումները կնվազեն, և կհաջողվի հաղթահարել շփման գծի մոտ բնակվող խաղաղ բնակիչներին սպառնացող վտանգը»։








































