Իրանական Iran News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի խնդրին:
«Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի հրապարակած վերջին զեկույցը կասկած չթողեց, որ Իրանն իսկապես աշխատանքներ է տանում սեփական միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ։ Եթե ես լինեի Իրանի փոխարեն, ապա ես էլ կձգտեի միջուկային զենքի ստեղծման։
Իրանն ունի 4000-ամյա պատմություն, նա նայում է իր շուրջբոլորը և տեսնում, որ Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը և իբր Իսրայելն ունեն միջուկային զենք։ Ուստիև նա նույնպես ցանկանում է ունենալ միջուկային զենք։
Սակայն միջուկային Իրանը հակացուցված է Մերձավոր Արևելքին։ Աշխարհը որոշակի պայմաններում կարող է թույլ տալ, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը և անգամ Հնդկաստանը տիրապետեն միջուկային զենքին։ Բայց եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, ապա նրա օրինակին կարող են հետևել Սաուդյան Արաբիան, Թուրքիան ու Եգիպտոսը։ Նման պարագայում աշխարհին չի հաջողվի խուսափել սպառազինությունների մրցավազքից»։
Հիշեցնենք, որ առավել վաղ Թուրքիայի վարչապետ Էրդողանն էր հայտարարել, որ եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, ապա նրա օրինակին կհետևեն տարածաշրջանի մյուս երկրները ևս։








































