Բյուջեի մասին մեր գնահատականը հենվում է կառավարության մասնագիտական կարծիքի վրա: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:
«Բյուջե 2012-ը մենք գնահատում ենք դրական և քվեարկելու ենք դրա օգտին: Այն իրատեսական և սոցիալական է: Այս բյուջեով 43 մլրդ դրամ ավելի է ծախսվելու սոցիալական, կրթական և առողջապահական ոլորտների վրա:
Կառավարությունն իր վրա 101 մլրդ դրամի պարտականություն է վերցնում: Սա իրատեսական է, եթե խստապահանջ վարչարարություն իրականացվի: Տնտեսական աճի և այլ գործոնների հաշվին բյուջեն հնարավոր է ավելացնել 101 մլրդ դրամով: Բյուջեն այն է, ինչ ունենք:
Ընդդիմությանը հեշտ է ասել, որ բյուջեն փոքր է, բայց ինչքան ունենք` այնքան էլ ունենք: ՀՅԴ-ն բարձրացրեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հարցը, սակայն կառավարությունը նշեց, որ դա հնարավոր չէ: Ըստ իս` դա ՀՅԴ-ի կողմից արված նախընտրական քայլ էր:
Ընդդիմությունը, բնական է, պետք է քննադատի, պահանջներ ներկայացնի իշխանությանը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով` 2012-ի բյուջեն նաև զարգացման բյուջե է: «Այս բյուջեով նախատեսվում է 36 տոկոս աղքատությունը իջեցնել 6 տոկոսի»,- նկատեց Ռաֆիկ Պետրոսյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ կառավարության անդամներին լսելիս տպավորություն է ստանում, թե նրանք հանճարների ակումբներից են:
«Նրանց հանճարը մեր բանջարին վնաս է: Կառավարությունը չի կատարել ծրագրային որևէ ցուցանիշ: Հնարավոր չէ, որ կառավարությունը առանց ընդդիմության վերահսկողության հաղթահարի դժվարությունները: Հայաստանի կառավարման համակարգը խորը բարոյական, տնտեսական և ֆինանսական ճգնաժամի մեջ է, իսկ հայաստանյան տնտեսությունը հենված է օլիգոպոլիաների վրա:
Մենք այդպես էլ չտեսանք մեր վարչապետի կողմից խոստացված տնտեսության դիվերսիֆիկացիան»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով ստվերին` «Ժառանգություն» կուսակցության պատգամավորը նկատեց, որ եթե համապատասխան մարմինները չեն կարողանում կանխել այն, ճիշտ կլինի` հեռանան: «Չի կարելի երկիրն այսչափ բևեռացման տանել»,-ասաց նա:
Պետրոսյանը հակադարձեց, որ կառավարությունը տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլեր է անում:
«Զարգանալու են գյուղատնտեսությունը, տուրիզմը: Իշխանությունը չի ժխտում, որ ստվեր գոյություն ունի: Ստվերի և օլիգոմոնոպոլիաների դեմ պայքարը հենց այս բյուջեի սահմաններում է»,- որպես վկայություն` ներկայացրեց նա:








































