Washington Associated Press-ը հայտնում է, որ հրազենային գնդակով հարվածել են Սպիտակ տան արտաքին պատուհանին: Գաղտնի ծառայությունները հետաքննում են, թե արդյո՞ք պատահարը կապված է անցած շաբաթ Սպիտակ տան մոտակայքում արված կրակոցների հետ, թե՝ ոչ:
Անցած ուրբաթ օրը Սպիտակ տան շրջակայքում կրակոցներ էին լսվել, և ականատեսների վկայության համաձայն՝ տարածքով մեծ արագությամբ սլացել էին երկու մեքենաներ:
Ամերիկայի գաղտնի ծառայությունների ներկայացուցիչ Էդվին Դոնովինը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերի:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով մեկնել էր Հավայան կղզիներ` գագաթնաժողովի մասնակցելու, կրակոցի պահին Սպիտակ տանը չի եղել:
Դեռևս պարզ չէ, թե ով է կրակոցի հեղինակը: Բայց ոստիկանությունը Օսկար Ռամիրո Օրտեգա անունով կասկածյալի ձերբակալման հրաման ունի:










































