ՀՅԴ Բյուրոն կոչ է անում հայության մասնիկներին, որ նրանք լիարժեք մասնակցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական՝ ամենամյա մարաթոնին, որ տեղի կունենա նոյեմբերի վերջին: Դաշնակցությունն ըստ երևույթին փորձում է որսալ պահը, իսկ թե ինչ կորսա պահի մեջ՝ արդեն ցույց կտա ժամանակը:
Բանն այն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնները, բացի համազգային հանգանակություն լինելուց, արդեն նաև որոշակիորեն քաղաքական-քարոզչական գործառույթ են կրում՝ հանդիսանալով տվյալ ժամանակի իշխանության համահայկական վարկանիշի ինդիկատոր: Այսինքն՝ եթե շատ է փող հավաքվում, իշխանությունը դա ներկայացնում է իր հաջողությունը, իր հեղինակության արդյունքը, իր վստահելիության արդյունքը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ցուցանիշները վերածվել են Հայաստանի իշխանության քարոզչական բաղադրիչների:
Այժմ Դաշնակցություն ըստ երևույթին փորձում է մտնել այդ ամենի մեջ և կորզել, այսպես ասած, քարոզչության իր բաժինը, ինչը կարող է պետք գալ նախընտրական ժամանակահատվածում: Մյուս կողմից էլ՝ Դաշնակցությունը կարող է ներկայիս ժամանակահատվածում պետք գալ իշխանությանը այն իմաստով, որ իր սփյուռքյան կառույցներով կնպաստի հանգանակության ցուցանիշային աճին: Այսինքն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարծես թե պատեհ առիթ է ՀՅԴ համար, որպեսզի իշխանության հետ որոշակի քաղաքական գործարքներ կնքվեն այդ հողի վրա. իշխանությունը ՀՅԴ-ին ինչ-որ երաշխիքներ է տալիս առաջիկա քաղաքական զարգացումների և ընտրությունների համար, իսկ դրա դիմաց երաշխիքներ է ստանում, որ Դաշնակցության կառույցներն ու համակիրները չեն բոյկոտի հիմնադրամի հանգանակությունն ու իշխանությանը «սևերես» չեն անի, այլ ակտիվորեն կմասնակցեն դրան:
Չի բացառվում, որ ՀՅԴ-ի կոչը համայն հայությանը պայմանավորված է կա՛մ այդ գործարքով, կա՛մ էլ հանդիսանում է այդ գործարքի հնարավորության կամ պատրաստակամության մասին իշխանությանն ուղղված բավական թափանցիկ ակնարկ: Բոլոր դեպքերում, Դաշնակցության պահվածքը նաև տրամաբանական է, քանի որ այս կուսակցությունն իր հայաստանյան քաղաքական ռեսուրսները սպառել է մինչև հատակ, ամբողջությամբ, և այդ իմաստով Հայաստանի իշխանությանը առաջարկելու որևէ բան թերևս չունի, չունի նաև շահագրգռելու որևէ բան: Դաշնակցության հույսը մնացել է սփյուռքը, և այդ իմաստով էլ իրավիճակը չի տալիս ընտրության հնարավորություն, ու «Հայաստան» հիմնադրամի հանգանակությունը եզակի հարմար հանգամանքներից մեկն է, որ ՀՅԴ-ն կփորձի օգտագործել:
Այստեղ, իհարկե, կա նաև դրական ինչ-որ հեռանկար, ինչը գուցե նույնպես եզակի է ՀՅԴ գործունեության տեսանկյունից: Բանն այն է, որ այդ քաղաքական ինտրիգների մեջ կարող է շահել հանգանակությունը, որովհետև եթե այդ ինտրիգների արդյունքում, բայց այդուհանդերձ կլինի հանգանակության մեծ ծավալ, ապա դա կարելի է համարել իսկապես դրական զարգացում, որովհետև Հայաստանի սահմանամերձ շրջաններն ու ԼՂՀ շրջանները ունեն այդ հանգանակության կարիքը, թեկուզ՝ ինտրիգների գնով: Այդ ինտրիգները անընդհատ խլում են հասարակությունից ու պետությունից, և վատ չէր լինի, որ գոնե եզակի դեպքերում էլ մի փոքր տան պետությանն ու հասարակությանը: Եթե իհարկե, ի վերջո, այդ ամենը հասնում է պետությանն ու հասարակությանը, և ոչ թե ընդամենը դրա մի փոքր մասը:











































