ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը քաղաքացիների ընդունելություններ կանցկացնի Հայաստանի 6 մարզերում։
Պաշտպանը և նրա անձնակազմը քաղաքացիներին կընդունեն նոյեմբերի 17-ին` Կապանում, նոյեմբերի 18-ին` Եղեգնաձորում, նոյեմբերի 22-ին` Գյումրիում, նոյեմբերի 24-ին` Իջևանում, նոյեմբերի 25-ին՝ Վանաձորում, նոյեմբերի 29-ին` Գավառում։
Պաշտպանը նախատեսում է նաև 2012թ. հիմնել մարզային գրասենյակներ։
Այս այցելությունների շղթան կծառայի նաև որպես այդ նախաձեռնությունն իրականացնելու նախապատրաստական փուլ, որի ընթացքում կկատարվի 6 մարզկենտրոններում բացվելիք մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչությունների համար աշխատակազմի հավաքագրում և գրասենյակային տարածքների ընտրություն։
Պաշտպանի այցի շրջանակում կազմակերպվելու են նաև կլոր սեղաններ հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին և ամենուրեք։






































