Դեկտեմբերի 13-ին Ռուս Ուղղափառ եկեղեցու պատվիրակության ժամանակացույցը հագեցած էր տարբեր վանքեր այցելություններով: Օրվա սկզբին ռուս պատվիրակները մեկնեցին Կեչառիսի վանական համալիր, այնուհետև՝ Գեղարդավանք: Վանահայր Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանի ուղեկցությամբ՝ նրանք շրջայց կատարեցին Գեղարդավանքում` ծանոթանալով վանքի պատմությանը և ներկայիս կյանքին:
Օրվա ավարտին Նոր Նորքի Հայորդյաց տան սաները, ի պատիվ հյուրերի, պատրաստել էին համերգային ծրագիր, որի ավարտին Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը Ռուս եկեղեցու պատվիրակությանը հանգամանորեն ներկայացրեց մանուկների և պատանիների հետ Հայ եկեղեցու կողմից տարվող աշխատանքը:
Դեկտեմբերի 14-ին պատվիրակությունը, Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների անմահ հիշատակին:
Հուշահամալիրում Մոսկվայի պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, Վոլոկալամսկի միտրոպոլիտ Իլարիոնը ծաղկեպսակ զետեղեց, ապա աղոթեց Հայոց Եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար: Հիշողության պուրակում միտրոպոլիտ Իլարիոնը նաև ջրեց Մոսկվայի և Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի ձեռամբ տարեսկզբին տնկված ծառը:
Այնուհետև պատվիրակությունն ուղևորվեց Երևանում կառուցվող Ս. Խաչ ռուսական եկեղեցի, ուր Վոլոկալամսկի միտրոպոլիտը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին:
Կեսօրին պատվիրակությունը մեկնեց Մոսկվա: