«Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում շարունակական է լինելու»,– այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացրել են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Ա. Երիցյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները։ Ըստ նրա՝ Հայաստանում քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, տարածաշրջանում Հայաստանն առաջինն է ստեղծել աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ, մշակել ԱՌՆ ազգային ռազմավարություն։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում գործում է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որը ստեղծվել և կայացել է ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ։
«Տեսնելով Ֆրանսիայում հասարակական հիմունքներով աշխատող հրշեջ-փրկարարների փորձը, այսօր փորձում ենք նման համակարգ ներդնել Հայաստանի Շիրակի և Լոռիի մարզերում։ Կարծում եմ, կամավոր հրշեջ-փրկարարական համակարգի ֆրանսիական տարբերակը լավագույններից է, և մենք շատ բան ունենք սովորելու այդ ուղղությամբ»,- նշել է նախարարը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերը, ով իր պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո ցանկություն է հայտնել այցելել Հայաստան և ծանոթանալ մեր երկրների միջև առկա համագործակցությանը։









































