Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման օրենքի դեմ իր նախաձեռնությունն է սկսել «Ժառանգություն» կուսակցությունը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք կողմ են ապահովագրության գաղափարին, սակայն դեմ են ժամկետներին և, թե ինչպես է դա արվում: Մարտիրոսյանը նկատեց, որ եթե կառավարությունը անընդհատ խոսում է ֆինանսների բացակայության մասին, պետք է հասկանա, որ ֆինանսները բացակայում են նաև քաղաքացիների մոտ, և գնաճի այս պայմաններում պարտադիր ապահովագրություն մտցնելը չափազանց սխալ է:
Մարտիրոսյանը նկատեց, որ այս օրենքը չի բխում նաև Սահմանադրությունից. «Սահմանադրությունում նշվում է, որ պարտադիր վճարները սահմանվում են օրենքով, այսինքն` ապահովագրության սակագները պետք է սահմանի խորհրդարանը, մինչդեռ այն սահմանում է ավտոապահովագրողների բյուրոն»:
Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ իրենք ցանկացած միջոցներով պայքարելու են այս օրենքի դեմ, իսկ դեկտեմբերի 21-ին ավտոերթ են կազմակերպելու Երևան,Վանաձոր, Գյումրի քաղաքներում: