Նյու Յորքի ոստիկանությունը նոյեմբերի 15-ին հատուկ գործողություն է իրականացրել Զուկկոտի զբոսայգին ազատելու համար, որը «օկուպացվել էր» «Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժման մասնակիցների կողմից:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այս գործողության արդյունքում ձերբակալվել է 70 ցուցարար: Այս մասին գործակալությանը հայտնել է Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Բրաունը:
«Ավելի քան 70 «օկուպանտներ» ձերբակալվել են, քանի որ հրաժարվել են ենթարկվել ոստիկանության պահանջին` լքել այգին: Մնացած «օկուպանտները» պահանջը կատարել են կամավոր»,- հայտարարել է Բրաունը:
Նյու Յորքի ղեկավարության խոսքերով՝ 2011 թվականի սեպտեմբերից շարունակվող ակցիայի հետևանքով «օկուպանտները» գրավել են Զուկոտտի զբոսայգու տարածքը` հիմնելով այնտեղ վրանային ճամբար, որը խաթարում էր շրջակայքի բնակիչների անդորրը:
Մոտ տասնյակ ցուցարարներ իրար կապել են շղթաներով, իսկ երկուսը կապվել են ծառերին: Ոստիկանները ստիպված էին ազատել «օկուպանտներին»: Նյու Յորքի քաղաքապետի ներկայացուցչի խոսքերով՝ ցուցարարները ժամանակավորապես էին լքելու տարածքը և վերադառնալու էին այն բանից հետո, երբ այգին մաքրվեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին նմանատիպ ակցիա էր տեղի ունեցել Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում, որտեղ նույնպես վերացրել են «Գրավեք Ուոլ Սթրիթի» մասնակիցների ճամբարը:











































