TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը հանդիպում է ունեցել Սիրիայի Ազգային անցումային խորհրդի անդամների հետ։
Հանդիպման հիմնական քննարկման առարկան դարձել է Արաբական երկրների լիգայի որոշումը Սիրիայի անդամակցության սառեցման վերաբերյալ, ինչպես նաև Կահիրեում սիրիական ընդդիմության հավաքվելու կոչը։
Սիրիացի ընդդիմադիրները Դավութօղլուին հայտնել են, որ իրենք մեծ կարևորություն են տալիս Արաբական երկրների լիգայի մոտեցմանը, ինչի համար էլ ցանկանում են շարունակել նրա հետ իրենց շփումները։ Նրանք նաև Կահիրե մեկնելու պատրաստակամություն են հայտնել։
Սիրիացի ընդդիմադիրները ցանկություն են հայտնել Թուրքիայում իրենց ներկայացուցչությունը ստեղծելու վերաբերյալ, և այդ հարցով դիմել են Դավութօղլուին։ Վերջինս ընդգծել է, որ Սիրիայի ապագան պետք է վճռի նրա իսկ ժողովուրդը՝ հավելելով, որ դեպի ժողովրդավարությանն անցում կատարելը չպետք է ուղեկցվի բռնություններով։
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայի և Սիրիայի հարաբերություններն առավել սրվեցին Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի համակիրների կողմից Դամասկոսում գտնվող Թուրքիայի դեսպանատան և Հալեպում ու Լաթաքիայում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանների վրա իրականացրած հարձակումներից հետո։











































