Այսօր` ժամը 15:00-ից, webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ կմեկնարկի WebԾիրան առաջին համահայկական օնլայն կինոփառատոնը:
Մինչև դեկտեմբերի 20-ը միայն webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ կցուցադրվի 7-20 րոպե տևողությամբ ամենատարբեր ժանրերի 35 ֆիլմ` 6-ից 8 ֆիլմ յուրաքանչյուր շաբաթ:
Կցուցադրվեն նաև ԱՄՆ-ում, Ռուսասատնում ապրող մեր հայրենակիցների կողմից նկարահանված ֆիլմեր:
Ֆիլմերի ցուցադրության գրաֆիկը տեղադրված կլինի WebԾիրանի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, webtv.am ինտերնետ հեռուստատեսության ֆեյսբուքյան էջերում:
Ֆիլմերը կգնահատվեն ոչ թե որևէ ժյուրիի անդամների կողմից, այլ ինտերնետ քվեարկությամբ` webtv.am հեռուստակայքի վրա կազմակերպված հատուկ քվեարկության միջոցով:
Երկու գլխավոր` 1000 և 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական մրցանակները տրամադրել է փառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Դրամական մրցանակները հաղթողներին կհանձնվեն դեկտեմբերի 25-ին հանդիսավոր պայմաններում:
Լինելու են նաև անակնկալ խրախուսական մրցանակներ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, webtv.am ինտերնետ հեռուստատեսության և փառատոնի աջակից «Նովոստի Արմենիա» միջազգային լրատվական գործակալության կողմից:
WebԾիրան-ում չկան ո՛չ լեզվական, ո՛չ ժանրային, ո՛չ տեխնիկական չափորոշիչներով պայմանավորված սահմանափակումներ, չկան նաև գեղարվեստական խիստ չափորոշիչներ:
Փառատոնն անցկացվում է առաջին անգամ:
Այն հարթակ կհանդիսանա ստեղծագործողների համար իրենց գործերը ներկայացնելու համար:









































