Google-ի արբանյակային լուսանկարներում Չինաստանի Գոբի անապատում հայտնաբերվել են մի շարք առեղծվածային օբյեկտներ` հսկայական գծեր, շրջաններ և օդանավակայանի նմանվող ինչ-որ բան: Այժմ ինտերնետ օգտատերերը գուշակություններ են անում, թե ինչ են իրենցից ներկայացնում դրանք և ինչ համար են նախատեսված:
Հայտնաբերված առաջին օբյեկտը ամենաառեղծվածայինն է: Այն իրենից ներկայացնում է մեծ քանակությամբ գծեր: Միահյուսվելով` դրանք կազմում են նախշեր: Հնարավոր է, որ դա հատուկ է արված, որպեզի այն տեսանելի լինի տիեզերքից: Առաջին նկարի հրապարակումից հետո օգտատերերն արագ հավաքեցին մի շարք այդպիսի նկարներ, այդ թվում՝ մի քանի հսկայական քառակուսիներ, որոնց կողքին երևում է այրված տեխնիկա:
Երրորդ օբյեկտն իրենից ներկայացնում է հազարավոր սպիտակ գծեր, որոնք ձևավորում են 287 կմ ձգվող հսկայական վանդակաճաղ:
Օբյեկտներից մեկը մոլորության մեջ է գցել օգտատերերին. այն իրենից ներկայացնում է առեղծվածային շրջան, որի եզրերը ծածկված են, ամենայն հավանականությամբ, ջրափոսերով: Շրջանի կենտրոնում կարել է տեսնել մի առարկա, որն ընդհանուր ուրվագծերով նմանվում է ինքնաթիռի:
Բացի այդ, նկարներից մեկում երևացող օբյեկտը ինտերնետ օգտատերերը նմանեցնում են օդանավակայնի, որտեղ երևում է թռիչքուղին:
Այժմ մասնագետները և հետաքրքրասերները փորձում են գուշակություններ անել, թե ինչ համար են նախատեսված այս օբյեկտները: Ոմանք կարծում են, որ դրանք ռազմական նշանակության օբյեկտներ են, քանի որ հենց այդ տարածքում` Հանսյու և Սինցզյան մարզերի սահմանին են աշխատում ռազմական, տիեզերական և ատոմային բնագավառների չինացի մասնագետները:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Telegraph պարբերականը, փորձագետներից ոմանք այն նմանեցնում են Նևադա նահանգում տեղակայված Պենտագոնի գերգաղտնի «Գոտի-51»-ին: Այդ բազայի գոյության մասին ամերիկյան իշխանություների կողմից պաշտոնապես հայտարարվել է միայն 90-ականների վերջին: Որոշ տեղեկություններով՝ այդ բազայում ամերիկացիները կարող են փորձարկել արգելված քիմիական զենք։
Բացի այդ, շրջանառվում է այն տարբերակը, որ չինացիները անապատում կազմում են ամերիկյան քաղաքների ամբողջական «քարտեզը»` դրանց վրա հնարավոր հարված հասցնելու համար: Ոմանք կարծում են, որ շրջանների և գծերի միջոցով չինացիները փորձում են կապ հաստատել այլմոլորակայինների հետ:
Թնջուկն ավելի է խճճվում, քանի որ գործնականում անհնար է ասել, թե ինչից են պատրաստված այդ օբյեկտները. հնարավոր է, որ դրանք պարզապես նկարված են ավազի վրա:














































