ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 18.08.2010թ. 1309-Ա/Ք հրամանով կասեցվել էր Երևանի «Գալիք» համալսարանի արտադրական կոոպերատիվին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2000թ. օգոստոսի 24-ի 284-Մ հրամանով տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության թիվ 003 լիցենզիայի գործողությունը:
Համաձայն վերոնշյալ հրամանի` «Գալիք» համալսարանը 2010թ. սեպտեմբերից պարտավոր էր ապահովել կասեցված մասնագիտությունների («Իրավագիտություն») դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր` հեռակա ուսուցման ձևով, «Կառավարում» դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր` առկա ուսուցման ձևով, «Օտար լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագիր` առկա ուսուցման ձևով/ ուսանողների իրազեկումը և փաստաթղթերի տրամադրումն այլ ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու նպատակով:
ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, նախարարությունը պատրաստակամ է աջակցել տվյալ ուսանողներին շարունակել իրենց կրթությունը ՀՀ-ում գործող պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ մասնագիտությամբ համապատասխան կուրսերում, առարկաների տարբերության պարագայում հնարավորություն տալ այդ ուսանողների քննությունները հանձնել անհատական մշակված ժամանակացույցով մինչ ուսումնական կիսամյակի ավարտը, քննարկել ընդունող ուսումնական հաստատությունների հետ տվյալ ուսանողների ուսման վարձի որոշակի զեղչեր կիրառելու հնարավորությունները:







































