Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կոչ է արել բոլոր երկրներին մտածել միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, որը, ըստ նրա, հարուցել են ԱՄՆ և Իսրայելը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով վենեսուելական հեռուստաընկերություններին, Չավեսը համարում է, որ Թեհրանի և Դամասկոսի դեմ մեղադրանքներն անհիմն են` հայտարարելով, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ, իսկ Սիրիայի կառավարության գործողություններն ուղղված են ընդդեմ զինված խմբավորումների, որոնք ապակայունացնում են երկրի իրավիճակը Սպիտակ տան և իսրայելական կառավարության պատվերով:
Չավեսի կարծիքով՝ աշխարհում ոչ մի երկիր իրավունք չունի կիրառել զանգվածային ոչնչացման զենք, քանի որ այն հարված կհասցնի ոչ միայն տվյալ երկրի կառավարությանը, այլ նաև նրա ժողովրդին, իսկ ռադիացիան կոչնչացնի Երկրի բնակչությանը:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Չավեսը ծաղրում էր վենեսուելական ափամերձ շրջաններում իրանական հրթիռների տեղակայման լուրը, որոնք ուղղված են Ամերիկայի վրա:







































