Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ այսօր մեկնարկում է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հարավկովկասյան շրջագայությունը։
Այսօր Էշթոնն աշխատանքային այցով ժամանում է Ադրբեջան։ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան հայտարարել է, որ Ադրբեջանում Էշթոնը հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնատար անձանց հետ։
Այդ հանդիպումներում քննարկվելու է ԵՄ-Ադրբեջան երկկողմանի համագործակցության հարցը, ՄԱԿ ԱԽ-ին Ադրբեջանի ժամանակավոր անդամակցությունը, անցագրային ռեժիմի մեղմացման հարցը և այլն։
Ակնկալվում է, որ Էշթոնն Ադրբեջանում հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Հիշեցնենք, որ Էշթոնը Բաքվից մեկնելու է Թբիլիսի, իսկ այնտեղից էլ՝ Երևան։











































