Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս նոր համաձայնագիր են ստորագրելու Ադրբեջանի տարածքում գտնվող և Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալման ժամկետի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնում են ռազմական աղբյուրները։
Նշվում է, որ այս տարվա մայիսից ընթանում են Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման բանակցությունները։ Ներկայումս ադրբեջանական կողմի առաջ քաշած առաջարկների վերաբերյալ ձեռք է բերվել կոնսենսուս։
Հիշեցնենք, որ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման ժամկետն ավարտվում է 2012 թվականի օգոստոսին։ Վերջին շրջանում Ադրբեջանը Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ Ռուսաստանից շարունակ պահանջում է բարձրացնել վարձավճարը, հավելյալ միջոցներ ձեռնարկել ՌՏԿ-ի գործունեության պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասը չեզոքացնելու համար, կայանի անձնակազմում ավելացնել ադրբեջանցիների քանակը, առանց պաշտոնական Բաքվի թույլտվության՝ կայանից ստացված տվյալները չհաղորդել երրորդ երկրին։








































