Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Վան կատարած այցից հետո Անկարայում քննադատել է Վանի երկրաշարժի հետևանքների վերացման գործում իր նախարարների գործողությունները։
Նշվում է, որ Վան կատարած այցի ժամանակ Էրդողանը հրաժարվել է մամուլի առջև ելույթ ունենալուց, լրագրողները միայն լսել են, թե նա ինչպես է բարձր տոնով հանդիմանում իր նախարարներին։
Էրդողանը հայտարարել է. «Ես ամբողջովին իրազեկված չէի խնդրից։ Այն շատ ավելի լուրջ է, քան ինձ զեկուցվել է։ Ձմեռային պայմաններում անհրաժեշտ է անհապաղ լուծել Վանում բնակվող մեր քաղաքացիների խնդիրները։ Ես չեմ կարող տանել մարդկանց հանդեպ նմանատիպ վերաբերմունքը։
Ես նախարարներին 48 ժամ եմ տվել այստեղ առկա բոլոր խնդիրների լուծման համար։ Եթե նրանք դա չկատարեն, ապա ես նրանց ուղիղ ասել եմ, որ կարող են գրել հրաժարականի մասին դիմում։
Թող Վանում բնակվող մեր եղբայրները հանգիստ լինեն։ Մենք շատ լավ հասկանում ենք նրանց ցավն ու փորձում ենք օգնել նրանց։ Վանում տուժած անձանց խնդրում եմ չմոտենալ ու չմտնել վնասված շինություններ։ Ստորերկրյա ցնցումները շարունակվում են և դեռ որոշ ժամանակ շարունակվելու են։ Ես ցանկանում եմ, որ մեր բոլոր քաղաքացիները հաշվի առնեն՝ Թուրքիան սեյսմիկ գոտի է»։
Հիշեցնենք, որ թուրքական ընդդիմությունն ու ԶԼՄ-ներն Էրդողանի կուսակցությանը մեղադրել էին Վանի երկրաշարժից հետո անգործության մատնվելու մեջ։









































