Այսօր նշվում է շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Diabetes Day) 1991 թվականին ներմուծվել է Միջազգային շաքարախտային ֆեդերացիայի (International Diabetes Federation) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization) կողմից:
Երիտասարդ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգը 1922 թվականի հունվարին առաջին անգամ, ինսուլին ներարկելով, փրկել է 14-ամյան երեխայի կյանքը, որը տառապում էր շաքարային դիաբետ ծանր հիվանդությամբ:
Գիտնականը իր բացահայտման բոլոր իրավունքները հանձնել է Տորոնտոյի համալսարանին: Հետագայում ինսուլինի արտադրության իրավունքը փոխանցվել է բժշկական հետազոտությունների կանադական խորհրդին, և 1922 թվականի վերջին այն հանվել է վաճառքի:
2007 թվականից շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո: Նոյեմբերի 14-ը ընտրվել է այն բանի համար, որ Բանտինգը ծնվել է 1891 թվականի նոյեմբերի 14-ին:










































