Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Ալ-Մուալիմն այսօր Դամասկոսում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թուրք-սիրիական հարաբերությունների հետագան կախված է լինելու Սիրիայի հանդեպ պաշտոնական Անկարայի դիրքորոշումից.
«Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք շարունակել Թուրքիայի հետ վերջին 10 տարիներին ձևավորված սերտ հարաբերությունները։ Եթե Թուրքիան ցանկանում է կասեցնել այդ գործընթացը, ապա մենք դրան պատրաստ ենք։ Եթե Թուրքիան ցանկանում է դավ նյութել մեր դեմ, մենք դրան էլ ենք պատրաստ»։
Մուալիմը նաև ներողություն է խնդրել Թուրքիայից՝ Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան և Հալեպում ու Լաթաքիայում Թուրքիայի հյուպատոսարանների վրա կատարված հարձակումների համար։
Հիշեցնենք, որ Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան քարկոծումից հետո թուրքական կողմն արտահերթ կարգով Սիրիայից տարհանել է 7 թուրք դիվանագետների ընտանիքները։











































