Թբիլիսիում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժած Հայաստանի բոլոր 4 քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա տեղեկացմամբ` 4 քաղաքացիներից 2-ը համեմատաբար ծանր վնասվածքներ են ստացել, սակայն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
«Թեպետ նրանց անունները հայտնի են, սակայն չեմ կարող հրապարակել, քանի որ նրանց համաձայնությունը չունենք: Միաժամանակ Վրաստանում Հայաստանի դեսպանությունն այս պահին հնարավորություն չունի կապ հաստատել տուժածների հետ, քանի որ վերջիններս տվյալներ չեն թողել»,- ասաց Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում` Օրթաչալա շրջանում տեղակայված գազի սպասարկման կայանում նոյեմբերի 14-ին պայթյուն էր տեղի ունեցել:
Պայթյունը որոտացել էր «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որը գտնվում էր գազի սպասարկման կայանում:
Ականատեսներից մեկը վստահեցնում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել «տաքացնող սարքից» ոչ հեռու, որի հետևանքով վառվել է ավտոմեքենան, ինչն էլ պայթյունի պատճառ է դարձել:









































