«Մենք ընդերքի հարկման խնդիր չունենք, մենք ընդերքի վաճառքի խնդիր ունենք: Իմ մոտեցումը, որը նաև համընկնում է ՀԱԿ-ի դիրքորոշման հետ, այն է, որ ընդերքը պետք է վաճառվի»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Նրա գնահատականով, ընդերքի վաճառքի գումարը պետք է կազմի ընդերքի այսօրվա շրջանառության (շուրջ 2 մլրդ դոլար) 55-60%-ը: Այսինքն՝ խոսքը մոտ 1 մլրդ դոլարի կամ 375 մլրդ դրամի մասին է:
«Դա ծաղր է, որ ցույց տան, թե այդ ուղղությամբ աշխատում են: Իհարկե, կա ՀԱԿ-ի ճնշումը, հասկանում են, որ ՀԱԿ-ը ճիշտ է: Հարկային բոլոր փոփոխությունները, որ այս վերջին օրերին լսում եմ, հոկտեմբերի 28-ի հանրահավաքում իմ ասած կետերն են, բայց դրանք իմիտացիա են և, երբեմն, այդպիսի կիսատ փոփոխություններն ավելի լավ է չանեն, քան թե անում են»,- ասաց Հ. Բագրատյանը:
Հիշեցնենք, որ ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էր ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, «Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխություններով ոլորտից ընդհանուր հարկումը կավելանա ընդամենը 2.5 մլրդ դրամով:











































