ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրում է.
Որքան էլ կարևորեմ հանրային վայրերում պետական պաշտոնյայի սթափ եւ առաքինի վարքագիծը և ամենևին չշրջանցելով այդ համատեքստում ՀՀ վարչապետի պահվածքը երեկվա միջոցառման ժամանակ, առավել քան մերժելի, դատապարտելի, օրենքով հետապնդելի եմ համարում նրա և իր կուսակիցների կողմից երիտասարդների օրը ՀՀԿ քարոզչությանը ծառայեցնելը, պետական բյուջեի միջոցները կուսակցական նպատակներով ծախսելը:
Միջոցառմանը ներկա երիտասարդները, եթե ցանկանում էին ավելի լավ ապագա ունենալ, պետք է այդ քարոզչությունից հետո լքեին դահլիճը եւ կուսակցական ֆունկցիոներիներին թողնեին միայնակ` Թաթայի երգի տակ շվարած: Այդ կերպ պետք է ցույց տային, որ մերժում են Հայաստանի կուսակցապետական ապագան:
Զավեշտալի է, որ վարչապետը այդ ամենը անում է Բրյուսելում եվրոպացիների աչքին թոզ փչելուց հետո` ճռճռան խոստումներ տալով, թե առաջիկա ընտրությունները աննախադեպ են լինելու վերջին 20 տարվա մեջ, լինելու են հավասար, մրցակցային, ազատ և արդար…
Սա՞ է հավասարությունը, օրինավորությունը, պարոն վարչապետ:




































