Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթը, հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է Ադրբեջանի հետ առևտրա-տնտեսական համագործակցության շրջանակներում գործողությունների պլանն ու երկարատև ծրագիրը։
Նշվում է, որ տնտեսական պլանում Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց հետ կապված են «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղով և «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազատարով։
Բացի այդ, հոկտեմբերի 25-ին կողմերն Իզմիրում կնքեցին գազային համաձայնագրերի փաթեթ և ցանկանում են նոր գազատար կառուցել Թուրքիայում։ Ներկայումս կողմերն Իզմիրում սկսել են համատեղ նավթավերամշակման գործարանի կառուցումը, որի նախագիծը գնահատվում է 6 միլիարդ դոլար։
Նավթագազային ոլորտից բացի, Թուրքիան ու Ադրբեջանը ներկայումս մտադիր են զարգացնել նաև էլեկտրաէներգիայի ոլորտում իրենց համագործակցությունը։ Կողմերն ավարտին են հասցնում «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի կառուցումը։
Բացի այդ, այսօր Թուրքիան Ադրբեջանի ոչ նավթային ոլորտում կատարած ներդրումների ծավալով գրավում է առաջին տեղը։ Ավելի քան 1000 թուրքական ընկերություններ հաջող գործունեություն են ծավալել Ադրբեջանի տնտեսության տարբեր ոլորտներում։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տնտեսության մեջ թուրքական ներդրումների ծավալը կազմում է 6 միլիարդ դոլար, իսկ Թուրքիայի տնտեսության մեջ ադրբեջանական ներդրումների ծավալը՝ 3 միլիարդ դոլար։ Ցայժմ թուրքական ընկերություններն Ադրբեջանում կնքել են 237 պայմանագրեր, ինչը գնահատվում է 4 միլիարդ դոլար։








































