Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստում «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը հանդես է եկել զեկույցով «Ռիո+20» գործընթացի համատեքստում ՀՀ Կայուն զարգացման հայեցակարգի հիմնադրույթների` հիմնական սկզբունքների և մոտեցումների հստակեցման մասին: Մասնավորապես, նա անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի որոշմամբ 2012 թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կազմակերպվելիք՝ Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի խնդիրներին և քննարկվելիք թեմաներին: Նիստի օրակարգի շրջանակում արծարծվել են նաև Կայուն զարգացման ազգային խորհրդի գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Մասնավորապես, խորհրդի քարտուղար է ընտրվել «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: