Այսօր Թեհրանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին կներկայացնի մի շարք փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ԱՄՆ-ը ահաբեկչություններ էր նախապատրաստել Իրանի իսլամական հանրապետության դեմ և ամբողջ Մերձավոր Արևելքում: Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը` վկայակոչելով Իրանի Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին:
Չորեքշաբթի Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին հայտարարել էր, որ իր տրամադրության տակ ունի շուրջ 100 այդպիսի փաստաթղթեր:
Ջալիլին հայտարարել է, որ իրենք ՄԱԿ-ից կխնդրեն ԱՄՆ վարչակարգի դեմ դատական հետաքննություն սկսելու հարցը մտցնել ՄԱԿ-ի օրակարգ:
Reuters գործակալությունը նշում է, որ Իրանի ԱԳՆ-ն ուրբաթ կկանչի Իրանում Վաշինգտոնի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանին` իր բողոքն արտահայտելու ԱՄՆ ահաբեկչական ծրագրերի շուրջ և նրան կհանձնի այդ փաստաթղթերը, իսկ Պան Գի Մունին կհանձնեն դրանց պատճենները: