Տնտեսական աճի տեմպերով այս տարի գերազանցում ենք համաշխարհային աճի տեմպերը և հավանաբար կգերազանցենք հաջորդ տարի: Ինչպես այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ընդհանուր աշխատավարձերի աճ եղել է 2009-2011 թթ. և հաջորդ տարի ևս կլինի:
Նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու վերաբեյալ Վ. Գաբրիելյանը կարծիք հայտնեց, որ երբ տնտեսությունը վերականգնման փուլում է, կարևորվում է նոր աշխատատեղերի ստեղծումը, նվազագույն աշխատավարձի ավելացումը կարող է որոշակիորեն խաթարել տնտեսական աճը: Նախարարի խոսքով՝ պետական ապարատում աշխատողների համար կներմուծվի սոցիալական փաթեթ, որը կօգնի բարելավել սպառման մակարդակը: «Բյուջեն ուշադրություն է դարձրել թե՛ ամենախոցելի խավերին՝ թոշակառուներին և նպաստառուներին, թե՛ քաղծառայողներին»,- վստահեցրեց Վ.Գաբրիելյանը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նկատեց, որ վիճակագրության համաձայն՝ միջին ամսական աշխատավարձի, թոշակների, նպաստների աճը գերազանցում է գնաճի աճը, իսկ հաջորդ տարի ակնկալվում է ավելի ցածր գնաճ, բայց աշխատավարձերի 10% աճ կլինի:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ մեզ մոտ ոչ թե կենսապահովման նվազագույն զամբյուղ է, այլ՝ աղքատության զամբյուղ, քանի որ 80%-ը գնում է սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, իսկ անվանական աշխատավարձի բարձրացումը չի ազդում քաղաքացիների վրա. «Մեզ մոտ բևեռացումը շատ մեծ է և եկամուտների մեծ մասը մի ուղղությամբ է գնում: Վերջին եռամսյակում կենսապահովման նվազագույն զամբյուղը 62 հազար 500 դրամ էր, կարծում եմ՝ մինչև տարեվերջ 65 հազարը կանցնենք»,- նշեց Ա. Մարտիրոսյանը՝ հարցադրում անելով, թե թոշակառուները 25 հազար դրամ թոշակով ինչպե՞ս են գոյատևում:











































