«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Սարգսյանն անտրամաբանական է համարում իշխանությունների գործողությունները և ոչնչով չի կարող բացատրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականները: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Անձերի փոփոխությունը ոչինչ չի փոխում: Համակարգը նույնն է, և այս իշխանությունների գործունեության մեջ որևէ տրամաբանություն չեմ տեսնում: Վաղուց անիմաստ եմ համարում մեկնաբանել իշխանությունների գործողությունները»,- նկատեց Արամ Սարգսյանը:
Նա միաժամանակ զերծ մնաց պաշտոնանկությունները առաջիկա ընտրությունների փաստով պայմանավորելուց` նկատելով. «Էդ ի՞նչ պետք է Ալիկ Սարգսյանին հրամայեին, չաներ, որ հիմա նոր եկածը պետք է անի, կամ, ասենք, չէր անելու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որ պետք է անի նրան փոխարինած Տարոն Մարգարյանը: Նման բան չկա, անհեթեթություն է ինչ-որ կապ ման գալը: Պարզապես իշխանության գործունեությունը տրամաբանության հետ որևէ կապ չունի»,- ամփոփեց ընդդիմադիր գործիչը:
Նշենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն արդեն իսկ հաստատել է իր պաշտոնանկության մասին լուրերը: Նրան այս պաշտոնում կփոխարինի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Սարգսյանը նշանակվելու է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում:
Նշենք նաև, որ երեկ` հոկտեմբերի 31-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերին Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Հանրապետականները միաձայն ընդունել են առաջարկը:
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին` հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշելով, որ այդ քայլին գնում է նոր աշխատանքի անցնելու և անձնական դրդապատճառներից ելնելով:






































