Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Բելառուսի արտգործնախարարի տեղակալ Իգոր Պետրիշենկոյին, ով Հայաստան է ժամանել ԱԳՆ-երի միջև քաղաքական խորհրդատվությունների մասնակցելու նպատակով:
Ողջունելով Իգոր Պետրիշենկոյին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ-բելառուսական ավանդական ջերմ կապերը շարունակական զարգացում են ապրում համագործակցության բոլոր ոլորտներում:
«Հատկանշական է, որ շուրջ երկու ամիս առաջ ստորագրված ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների մասին փաստաթուղթն արդեն իրագործվում է, և դա վկայում է մեր համագործակցության իրական արդյունավետության մասին»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իգոր Պետրիշենկոն նախարար Նալբանդյանին փոխանցել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի ողջյուններն ու բարեմաղթանքները:
Հանդիպմանն երկուստեք ընդգծվել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, տնտեսական փոխգործակցությունը, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջև բարեկամությունը:
Զրուցակիցները, նշելով լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, միաժամանակ շեշտել են այն առավել ընդարձակելու անհրաժեշտությունը:
Էդվարդ Նալբանդյանն ու Իգոր Պետրիշենկոն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության առավել ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերին:










































