Հայաստանյան ներքաղաքական դաշտում կատարվող բոլոր պաշտոնանակությունները պետք է դիտարկել 2012-ին կայանալիք խորհրդարանական և 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների, ինչպես նաև 2011 թվականի փետրվարի 17-ին կնքված կոալիցիոն հուշագրի իրականացման ֆոնին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
«Պաշտոնանկություններ կատարելով` Սերժ Սարգսյանը «կարգի է բերում» իր թիմը` նշանակելով այնպիսի պաշտոնյաների, ովքեր ոչ միայն թիմի ներսում խնդիրներ չեն առաջացնի, այլ նաև կիրականացնեն իր առաջադրած նպատակը: Ես չեմ կարող ասել, թե ինչ նպատակահարմարությամբ են ընտրվել կամ ընտրվելու հներին փոխարինողները, բայց, համենայն դեպս, այս շրջանում կատարվող ամեն բան ուղղակի կապված է ընտրությունների հետ: Այդ նրանք պետք է ասեն` ինչով է տարբերվում կամ ինչ առավելություններ ունի նոր նշանակվողը պաշտոնաթողի հետ»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը:
Հարցին`կարո՞ղ են նոր նշանակումներն աշխուժացնել այս կամ այն ոլորտը, բարելավել տվյալ բնագավառում առկա իրավիճակը, Ստեփան Սաֆարյանը ի պատասխան նկատեց. «Խնդիրն ամենևին ոլորտը բարելավելը չէ»:
Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 31-ին, կայացած ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերին Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Հանրապետականները միաձայն ընդունել են առաջարկը:
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին` հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշելով, որ այդ քայլին գնում է նոր աշխատանքի անցնելու պատճառով և անձնական դրդապատճառներից ելնելով:
Հիշեցնենք նաև, որ մամուլում լուրեր են շրջանառվում Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հնարավոր պաշտոնանակության մասին: Ըստ շրջանառվող լուրերի` նրան այդ պաշտոնում կփոխարինի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Հետաքրքիր է, որ մամուլը քննարկում է նաև ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականի թեման:








































