Այս գիշեր՝ ժամը 00:20-ին լույս աշխարհ եկավ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից խորհրդանշական համարված 7 միլիարդերորդ երեխան: Երեխան ծնվել է Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում և անվանվել Վահրամ: Տղան նաև արժանացել է Արթիկի քաղաքապետի շնորհակալագրին, իսկ Արթիկի Մոր և մանկան առողջության կենտրոնը նվիրեց սերտիֆիկատ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ստանձնել է Վահրամ Ոսկանյանին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու պատասխանատվությունը:
ՄԱԿ-ն այս միջոցառումն անցկացնելու նպատակով ընտրել է Արթիկի Մոր և մանկան առողջության կենտրոնը, քանի որ ծննդատունն իր տեխնիկական պայմաններով զիջում է այլ ծննդատներին:
Վահրամ Ոսկանյանի ծնողները Պեմզաշեն գյուղից են: Տղայի հայրն այժմ հանրապետությունում չէ, սակայն խոստացել է օրերի ընթացքում վերադառնալ հայրենիք տղային տեսնելու նպատակով: Սակայն տղան վաղածին է և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Վահրամ Ոսկանյանը կշռում է 2,9 կիլոգրամ:
Նշենք, որ ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ մոլորակի 7 միլիարդերորդ բնակիչը ծնվելու է հոկտեմբերի 31-ին: Սակայն անհնար է պարզել, թե որ երեխան է 7 միլիարդերորդը: ՄԱԿ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ մեկին ճանաչել 7 միլիարդերորդ բնակիչ: Իսկ մինչ այդ, աշխարհի տարբեր երկրներում նշվում են 7 միլիարդերորդ երեխաների ծնունդը:










































